Էջ:Վերք Հայաստանի 48.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պես ու տան բաշին շարվեցան: Շատի լեզուն բերնումը շաղվել, փետացել էր: Շատի լերդն ու թոքը ջուր էր կտրըվել: Շատի պռոշները ահու ճաքել՝ արինը շռռալով գնում էր: Լավ ուզում էին, որ քոմակ անեն, լավ ուզում էին իրանց էլած-չէլածը տան, որ խեղճերին ազատեն, բայց ո՞ւմ ձեռիցը մեկ բան կգար: Սարդարն էր հրամայել, ո՞վ էր կարող, որ ձեռք վրա բերի: Թե մեկ ծպտոն էլ հանել էին, էն սհաթը տուն, տեղ կրակ կտային ու իրանց էլ թոփի բերնին կդնեին, կքցեին: Աստված ո՛չ շհանց տա: Անօրենի ձեռը դուշմանս չի՛ ընկնի: Մարդ ո՞ր հողը տա գլխին. ինչ ուզում են, է՛ն են անում: Դատաստան չկա՛, իրավունք չկա՛, ու հայ ազգն էլ էնքան էսպես ցավեր տեսել էր, մեկ օր խոսքըմին չէ՛ր ըլում, որ իր գլուխն ազատի: Աղջիկն ասես՝ քաշում էին, տղեն ասես՝ տանում, շատ անգամ թուրքացնում, հավատից հանում, շատ անգամ էլ գլուխը կտրում, էրում, նահատակում: Ո՛չ տունն էր իրանը, ո՛չ մալը, ո՛չ ապրանքը, ո՛չ ջանը, ո՛չ օղլուշաղը: Զարմանալուն էս ա, որ էսպես կրակի, զուլումի մեջը էլի նրանց աչքը ուրախություն, նրանց երեսը ծիծաղ էր գալիս:

Էսպես, ինչպես ասեցի, հարիր մարդից ավելի վրա էին թափել, ձեռըները ծոցըներումը դրել ու պատի ծերիցը մտիկ էին տալիս: Սուգ ու շիվանն աշխարքն առել էր: Ֆառաշները կատաղել, փրփրում էին. շատ անգամ թվանքները դեմ էին անում, որ խալխին խփեն, վեր քցեն, որ բալքի ռադ ըլին, կորչին. բայց էլի հուշտ էլած ոչխարի պես ետ էին դառնում, էլ ետ՝ ետ փախչում, էլ ետ՝ ետ գալիս, մտիկ տալիս:

Ի՛նչ խեղճ, ողորմելի մերն էր անում, աստված հեռու տանի. քար չէ՛ր մնացել, որ զլխին չի խփի. հող չէ՛ր մնացել, որ վրեն չածի: Ձագը կորած հավի պես մեկ դես էր վազում, մեկ՝ դեն, մեկ գլխին տալիս, մեկ՝ ոտին: Է՛նքան էր ծնկներին, գլխին խփել, հարայ տվել, լաց էլել, մազերը պռճոկել, երեսը չանգռել, կտրատել, որ էլ ո՛չ աչքումը լիս կար, ոչ ջանումը՝ թաղաթ, ո՛չ բերնումը՝ լեզու: Էնպես, հենց ձենը փորն ընկած, շունչը կտրված՝ ոտին-գլխին էր անում, ինքն իրան ջարդում, գլուխը քարեքար տալիս, յա սուրութմիշ ըլելով, գետինը լիզելով՝ ֆառաշների ոտներն ընկնում յա ձեռըները բռնում, որ թուրը խլի, իր սիրտը խրի, յա թե չէ, սրանք էլ որ դոշին չէին խփում յա քացով տալիս, դեն քցում, ընկնում էր ջուխտձեռով աղջկա վրա յա ճտովը ու էլ, թեկուզ քացով էին խփում գլխին, թեկուզ դմբզով (մուշտով), թեկուզ ղամշով յա թվանքի դուռթմով, էլ պոկ չէ՛ր գալիս, էլ չէ՛ր իմանում: Ուզում էր, որ փորը ճղի ու իր հոգու սիրելին էլ ետ ներս տանի:

— Թա՛գուհի ջան, էս ի՞նչ ա, քո հարսանիքի պա՞րն եմ գալիս. փեսեն ո՞ւր ա, տերտերն ընչի՞ համար չի՛ գալիս: Հինեն ի՞նչ տեղ ա, բերե՛ք,